Արտանիշ լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիս-արևելյան ափին: Բարձրությունը՝ 2461մ (հարաբերական բարձրությունը՝ մոտ 560մ): Շատ կայքերում
գտա, որ այս գագաթը հաճախ է ընդգրկվում լեռնային տուրիզմի երթուղիներում, քանի որ վերելքը համեմատաբար թեթև է, իսկ տեսարանը գագաթից՝ անմոռանալի: Արտանիշի գագաթը միակ վայրն է, որտեղից Սևանա լիճը երևում է ամբողջությամբ ու մոտիկից:
Արտանիշը գտնվում է Սևանա լճի համանուն թերակղզու վրա: Բարձրանալով դեպի սարի գագաթը, մենք հնարավորություն կունենաք ամբողջությամբ տեսնել Սևանը և նրան հարող Գեղամա լեռները: Կիջնենք դեպի Արտանիշի արգելոց, որը «Սևան» ազգային պարկի մի մասն է կազմում:
Այժմ մի փոքր պատմեմ «Արտանիշի» արգելոցի մասին
Արտանիշի արգելոց
«Արտանիշի» արգելոցը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում` ընդգրկում է Արտանիշ թերակղզին (բացառությամբ ձախակողմյան հատվածի` Շորժա համայնքային հողերը) և Արտանիշի լճախորշի թերակղզուն հարող մասը: Տարածքը զբաղեցնում է 3640 հա մակերես, որից 2142 հա ցամաքային տարածք, իսկ 1498 հա` ջրային: Սահմանի ընդհանուր երկարությունը 25.9 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 11.7 կմ երկարությամբ և 7.8 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Արտանիշ թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի բազմազան ռելիկտային բուսականության, գիհու նոսրանտառների և տափաստանների, ինչպես նաև որպես հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանությունը:
Սա այն գագաթներից մեկն է, որ Էկոհայրենագիտական ակումբը նախատեսում
է բարձրանալ:
|